Երբ տեղեկություններ են հայտնվում երկու պետությունների սահմանների ականազերծման մասին, սովորաբար դրական ազդանշան է, բաց երբեմն գաղտնի ենթատեքստ ունի: Այդ դեպքերում տողատակերը պետք է կարդալ՝ հասկանալու այս կամ այն քաղաքական գործընթացների խորքային իմաստները: Թուրքական թերթերը (Milliyet, Mynet Haber և այլք) հաղորդում են, որ ԵՄ-ի և ՄԱԿ-ի աջակցությամբ ծրագրի շրջանակներում երկու տարում ծրագրվում է ականազերծել Հայաստանի, Իրանի ու Ադրբեջանի հետ սահմանը: Դա որոշակի աժիոտաժ առաջացրեց Երևանում ու Բաքվում, բայց տարբեր պատճառներով:
Վերջերս Ռուսաստանի, Հայաստանի ու Թուրքիայի դիվանագետները հաճախ են «հանկարծ» հայտարարում Անկարայի ու Երևանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ու սահմանների բացման հնարավորության մասին: Ադրբեջանը վարում է Հայաստանի շրջափակման մարտավարություն՝ «որտեղ հնարավոր է», դեմ է հանդես եկել ու հանդես է գալիս՝ պնդելով այսպես կոչված փաթեթային մոտեցումը, որ ամեն ինչ կապում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հետ: Հիմա հաղորդվում է, որ ականազերծման աշխատանքները, որոնց տեխնիկական մասը վարում է ընկերությունը Հարավային Աֆրիկայից, սկսվել են Արարատի ստորոտներից: Հայաստանի, Ադրբեջանի ու Իրանի սահմաններին 222 հազար ական կա և ականազերծումը որոշակի ժամանակ է պահանջում: Սկզբունքային նշանակություն ունեն մանրամասներն ու նրբերանգները: Մանրամասների մասին: Թուրքիայի՝ Հայաստանի ու Իրանի հետ սահմանի ականազերծումը սկսելու մասին առաջին հաղորդումները հայտնվեցին դեռ 2014-ին: Անկարան մտադիր էր ծախսել 52,4 միլիոն եվրո: Գումարի 75 % -ը հատկացնում էր ԵՄ-ն, 25 %-ը՝ Թուրքիան:
Երևանն այդ ժամանակ Արևելյան հարևանության ծրագրի շրջանակներում բանակցություններ էր վարում: Սակայն վերջին պահին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը: Թուրք-հայկական սահմանի ականազերծման նախագիծը դադարեցվեց: Այդ պատճառով ականազերծման նոր հայտարարությունը բազմաքայլ ինտրիգ է ստեղծում՝ հաշվի առնելով Թուրքիայի ու Եվրամիության ներկա լարված հարաբերությունները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարեց, որ ապրիլի 16-ի հանրաքվեից հետո, որով երկիրը խորհրդարանականից անցնում է նախագահական հանրապետության, Անկարայի ու Եվրամիության բոլոր կապերը (ըստ Էրդողանի՝ սկզբից մինչև վերջ) վերանայվելու են: Թեպետ Թուրքիան չի ցանկանում դադարեցնել Բրյուսելի հետ առևտրատնտեսական համագործակցությունը: Եվրոպացի որոշ փորձագետներ, ճիշտ է, կարծում են, որ հանրաքվեից հետո Թուրքիայի նախագահը կորոշի ԵՄ-ի հետ հարաբերությունները նորմալացնել, բայց ներկա որոշակի իրավիճակում Բրյուսելը հազիվ թե պատրաստ է ֆինանսավորել թուրք-հայկական սահմանի ականազերծման ծրագիրը: Առաջին եզրակացությունը՝ եթե թուրքական ԶԼՄ-ների տեղեկությունը կեղծ չէ, թուրքական կողմը որոշել է շրջանառության մեջ դնել միջոցների իր մասը և գուցե սպասվող կամ ստացված միջոցները ՄԱԿ-ից: Այդ դեպքում ապագայում Անկարան սկսելու է հայկական խաղաթուղթը խաղարկել Բրյուսելի հետ մերձեցման գործընթացում: Երկրորդ եզրակացությունը՝ Թուրքիան վերաապահովագրում է իրեն և փորձում է Հայաստան մտնել, նրա տարածքով դուրս գալով ԵԱՏՄ:
Վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Regional Post-Caucasus ամսագրին տված հարցազրույցում ասում էր, որ Մոսկվան պատրաստ է նպաստել Երևանի ու Անկարայի բանակցություններին: «Երբ Երևանն ու Անկարան վերջապես նստեն բանակցությունների սեղանի շուրջ, Ռուսաստանը պատրաստ է ամենաակտիվ աջակցությունն ունենալ,- ընդգծել էր Լավրովը:- Հասկանալի է, որ մենք միայն կողջունենք, որ ԵԱՏՄ արտաքին սահմանի հայ-թուրքական սահմանը բացվի մարդկանց, ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժի առաջ: Դա, անկասկած, օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանին»: Այդ դեպքում Թուրքիան պատահաբար չի հիշել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը և երկու հարևանների միջև սահմանի բացումը համարում է հնարավոր:
Հիմա նրբերանգների մասին: Թուրքիան պատրաստվում է ականազերծել Արդահանի, Կարսի, Իգդիրի, Այղրի, Վանի հատվածները՝ դա Հյուսիսարևելյան Անատոլիան է (հատկապես Կարսի, Իգդիրի, Արդահանի իլերը), որտեղ բնակչության զգալի մասն ադրբեջանցի է: Այնտեղ ապրում են քրդեր, լազեր, աջարներ, աբխազներ, չերքեզներ: Հայ-թուրքական սահմանի բացումը կբերի բեռնափոխադրումների մեծացում Թուրքիայի տարածքով, առևտրի աճ Եվրոպա ելք ունեցող երկրների հետ, արևելյան վիլայեթների արդյունավետ զարգացում, կփոխի աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և ավելի շատ բխում է Անկարայի շահերից, որ լրջորեն բախվում է քրդական անջատողականությանը:
2013-ին Թուրքիայում տեղեկություն հայտնվեց, որ թուրք-հայկական սահմանին Իգդիրի շրջանում սկսվել են նախապատրաստական շինարարական աշխատանքներ: Մերձավոր Արևելքում այսօր ստեղծված իրավիճակում ամեն ինչ հնարավոր է, այդ թվում՝ թուրք-հայկական հարաբերությունների նորմալացման հարցի արագ լուծումը: Այլ հարց է, թե Անկարան ինչպես պիտի կառուցի հարաբերությունները իր ռազմավարական գործընկեր Բաքվի հետ, որ շարունակում է պնդել Հայաստանի շրջափակման քաղաքականությունը: Այս ուղղությամբ, կարծես, նախապատրաստվում է ինչ-որ կարևոր որոշում, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման դիրքորոշումների փոփոխություն: «Ռուսաստանի ու Թուրքիայի համագործակցությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում հետևանք է Մոսկվայի ու Անկարայի համագործակցության սիրիական հարցում»՝ հայտարարեց թուրք քաղաքագետ, խորհրդարանի նախկին պատգամավոր Իրֆան Գյունդուզը՝ մեկնաբանելով ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, որ «իր երկիրը համագործակցում է Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցում»: Իրֆան Գյունդուզը շրջանառության մեջ դրեց և այլ թեմա՝ տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը Նախիջևանի ու Ադրբեջանի միջև: Եթե այս իրողությունները միմյանց հետ կապ չունեն, թուրքական ԶԼՄ-ների հաղորդումները Հայաստանի հետ սահմանի ականազերծման մասին պետք է ընդունել իբրև սովորական քաղաքական զոնդաժ, առանց որի մեծ քաղաքականություն չի լինում:
Հ.Գ. Սովորական քաղաքական զոնդաժը սակրալ ծես է՝ կարևոր որոշումից առաջ, բայց պարտադիր չէ, որ այդ որոշումը հաջորդի: Անկարան այնքան է սրել հարաբերությունները ԵՄ-ի հետ, որ ԵՄ ֆինանսավորմամբ նոր ծրագիր սկսելը ծիծաղելի է: Ավելի շատ՝ Բաքվի-Անկարայի-Մոսկվայի խայծն է Երևանին ու Ստեփանակերտին՝ կա սահմանը բացելու հնարավորություն, եթե… Այդ «եթե»-ից սկսվելու է ԼՂ խնդիրը, որտեղ դիրքորոշումների փոփոխություն չկա: Կա ռուս-թուրքական հարկադրված տնտեսական համագործակցության հեռանկար, եթե Անկարան շարունակի ԵՄ-ի հետ առճակատումը և հասնի առևտրատնտեսական հարաբերությունների կրճատմանը, որ ձեռնտու չէ երկու կողմերին էլ: Բայց միշտ էլ կարելի է ու դա հաճախակի օգտագործվող հնարք է ներկայացնել հավանական այլընտրանք՝ առևտրի շահավետ պայմաններ ստանալու նպատակով: Այլ հարց է, որ Երևանն էլ մտնի խաղի մեջ իր պայմաններով, բայց դրա համար պետք է արտաքին քաղաքականության անկախություն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ